Մարդու սրտի կառուցվածքը[խմբագրել]
Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում։ Այն կշռում է մոտ 250-350 գրամ։ Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմ։ Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի։ Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն (թթվածնով աղքատ), իսկ ձախ կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ)։
Մարդու սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից։ Սրտի աջ կեսում գտնվում է աջ նախասիրտը (atrium dextrum) և աջ փորոքը (ventriculus dexter)։ Աջ նախասրտի և աջ փորոքի միջև գտնվում է աջ նախասրտափորոքային փականը (եռափեղկ կամ տրիկուսպիդալ փական)։ Համանմանորեն, սրտի ձախ կեսում ձախ նախասրտի (atrium sinistrum) և ձախ փորոքի (ventriculus sinister) միջև գտնվում է ձախ նախասրտափորոքային փականը (երկփեղկ կամ միտրալ փական)։ Սրտի պատը կազմված է 3 շերտերից` ներքին շերտ` ներսրտենի(էնդոկարդ), միջին շերտ` սրտամկան (միոկարդ), որն էլ հենց կծկվելով` իրականացնում է սրտի գլխավոր` արյունը մղելու(պոմպային) ֆունկցիան, և արտաքին շերտ (էպիկարդ)։ Սիրտը գտնվում է մի փակ շճային պարկում, որը կոչվում է սրտապարկ(պերիկարդ)։
Սիրտ-անոթային համակարգի մյուս կարևոր բաղադրիչր արյունատար անոթներն են, որոնցով արյունը շրջանառում է ամբողջ օրգանիզմով մեկ։ Անոթները, որոնք սրտից դուրս գալով` արյունը փոխադրում են բոլոր օրգաններին և հյուսվածքներին, կոչվում են զարկերակներ (arteriae)։ Իսկ երակները (venae) ծայրամասային օրգաններից ու հյուսվածքներից արյունը սիրտ բերող անոթներն են։ Սրտից դուրս են գալիս և սիրտ են մտնում օրգանիզմի խոշորագույն արյունատար անոթները։ Սրտից դուրս են գալիս թոքային զարկերակացողունը (truncus pulmonaris), որը, սկսվելով աջ փորոքից, երակային արյունը տանում է թոքեր, և աորտան (aorta), որը սկսվում է ձախ փորոքից և զարկերակային արյունը տանում է բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Դեպի սիրտ են գալիս վերին և ստորին սիներակները (venae cavae superior et inferior), որոնցով եկած երակային արյունը լցվում է աջ նախասիրտ, իսկ թոքային 4 երակները (venae pulmonales dexter et sinister)` թոքերից բերելով զարկերակային արյունը, բացվում են ձախ նախասրտի մեջ: Սիրտը անոթավորվում է աջ և ձախ պսակաձև զարկերակներով (arteria coronaria dextra et sinistra):Այդ զարկերակները դուրս են գալիս աորտայի սկզբնական հատվածից(աորտայի կոճղեզից):
Սրտի ֆիզիոլոգիան[խմբագրել]
Սրտի զարգացման փուլերը ներարգանդային կյանքում
Սրտի գլխավոր գործառույթը արյունը անոթներում շարժման մեջ դնելն է` մղիչ ֆունկցիան։ Սիրտն ունի երկու հիմնական ֆունկցիաներ` տարողական և արտամղման։ Այն ունի նաև ներզատիչ ֆունկցիա (արյան մեջ է ներզատում ատրիալ նատրիուրետիկ հորմոնը (ԱՆՀ, ANH ), որը խթանելով միզարտադրությունը` իջեցնում է զարկերակային ճնշումը)։ Սրտի արտամղիչ ֆունկցիան ապահովվում է սրտամկանի կծկողունակության շնորհիվ։ Սրտամկանը ունի բացառիկ կառուցվածք, որի շնորհիվ այն օժտված է ինքնավարությամբ (ավտոմատիզմով)։ Սրտամկանում բացի կծկվող մկանային բջիջներից` կարդիոմիոցիտներից, առկա են նաև ինքնածին գրգիռներ առաջացնելու ունակությամբ օժտված մկանաբջիջներ` միոցիտներ։ Վերջիններս կազմում են սրտի հաղորդչական համակարգը։
Նկարի վերևի հատվածում պատկերված է սրտի հաղորդչական համակարգում գրգռի փոխանցումը` ապաբևեռացման ալիքը (կարմիր գծեր) և դրա շնորհիվ նախասրտերի և փորոքների կծկումները: Իսկ ներքևում պատկերված է Էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ձևավորման հիմնական սկզբունքը` պայմանավորված նախասրտերում և փորոքներում ապաբևեռացման ալիքի տարածմամբ (և ոչ թե արյան հոսքով)
Սրտի հաղորդչական համակարգ[խմբագրել]
Սրտի հաղորդչական համակարգը կազմված է հանգույցներից և խրձերից։ Գլխավոր հանգույցը կոչվում է ծոց-նախասրտային (Nodus sinoatrialis) կամ Կեյտ-Ֆլակի հանգույց։ Այն գտնվում է աջ նախասրտի պատում։ Այնտեղ գտնվող միոցիտները ունակ են առաջացնելու ինքնածին գրգիռներ։ Այդ հանգույցում առաջացած գրգիռները հաղորդչական թելերով տարածվում են նախասրտերում, միաժամանակ այդտեղից գրգիռները համանման հաղորդչական թելերով հաղորդվում են երկրորդ` նախասիրտ-փորոքային հանգույցին (Nodus atrioventricularis) կամ Աշոֆ-Տավարայի հանգույցին, որը գտնվում է միջփորոքային միջնապատում։ Նախասիրտ-փորոքային հանգույցից սկսվում է Հիսի խուրձը, որը միջնապատում բաժանվում է աջ և ձախ ոտիկների։ Վերջինններս բաժանվելով մանր ճյուղերի` գրգիռները հաղորդում են երկու փորոքներին և Պուրկինյեի թելերով ավարտվում են փորոքների պտկաձև մկաններում։ Հաղորդչական համակարգում գլխավոր հանգույցի(ռիթմավարի) ավտոմատիզմի ընկճման կամ ամբողջական պաշարման, ինչպես նաև հաղորդչական համակարգի մյուս բաղադրիչներում հաղորդականության խանգարումների պարագայում կարող են զարգանալ սրտի ռիթմի խանգարումներ`
առիթմիաներ:
Վերը նկարագրված յուրօրինակ հաղորդչական համակարգի շնորհիվ տեղի են ունենում սրտի ռիթմիկ կծկումները` սկզբում միաժամանակ կծկվում են նախասրտերը (նախասրտերի սիստոլա), այնուհետև միաժամանակ կծկվում են փորոքները (փորոքների սիստոլա), հետո` ընդհանուր հանգիստ (դիաստոլա)։ Այս հաջորդականությամբ պարբերաբար կծկվելով` սրտամկանն ապահովում է օրգանների և հյուսվածքների նորմալ արյունամատակարարումը։ Քանի որ սովորական պայմաններում սրտի կծկումների հաճախականությունը կազմում է 75 զարկ/րոպե, հետևաբար մեկ սրտային ցիկլի տևողությունը հավասար կլինի 0.8 վրկ։ Այդ ժամանակահատվածում 0.1 վրկ տևում է նախասրտերի սիստոլան, որի ընթացքում փորոքները գտնվում են դիաստոլայի մեջ,0.33 վրկ տևում է փորոքների սիստոլան, որի ընթացքում նախասրտերն են գտնվում դիաստոլայի մեջ, և 0.37 վրկ ընդհանուր դիաստոլա։ Այսպիսով, նախասրտերի դիաստոլան տևում է 0.7 վրկ, իսկ փորոքների դիաստոլան` 0.47 վրկ։ Հատկապես կարևորվում է դիաստոլայի փուլի նորմալ տևողությունը, քանի որ այդ փուլում սրտամկանը թուլացած վիճակում է և հետևաբար նրան սնող զարկերակները, որոնք կծկման փուլում որոշ չափով սեղմվել էին, այս փուլում լայնանում են, հետևաբար բարելավվում է սրտամկանի արյունամատակարարումը (հատկապես ենթաէնդոկարդիալ հատվածում։
Ֆիլոգենետիկ ակնարկ[խմբագրել]
Էվոլյուցիայի ընթացքում կենդանիների սիրտը ենթարկվել է մի շարք փոփոխությունների և իր զարգացման գագաթնակետին հասել է կաթնասունների մոտ։ Ձկների սիրտը ընդամենը երկխորշանի է` ունի 1 նախասիրտ և 1 փորոք, ձկների սրտով հոսում է միայն երակային արյուն։ Երկկենցաղների սիրտը եռախորշ է` ունի 2 նախասրտեր և 1 փորոք։ Թռչունների սիրտը քառախորշ է` կազմված է 2 նախասրտերից և 2 փորոքներից, սակայն դրանք դեռևս միմյանցից լիովին առանձնացված չեն։ Կաթնասունների սիրտը քառախորշ է և կազմված 2 նախասրտերից և 2 փորոքներից, իսկ սիրտը հոծ միջնապատով բաժանված է 2 կեսերի։